Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 15 Դեկտեմբեր 2014 09:59

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(1 Vote)

 

 

 

40-րդ նստաշրջան

2009 թ. յունւար - 2011 թ. յունւար


* 2009 թ.-ի յուլիսի 15-ի բօթը ցնցեց իրանահայութեանը, Թեհրան-Երեւան չւերթը վթարի ենթարկւեց, որի հետեւանքով զոհւեցին բոլոր ուղեւորներն ու օդանաւի անձնակազմը: Զոհւածներին մաս էին կազմում Կազմակերպութեան 12 անդամներ՝ Լեւոն Դաւթեան, Ազատ Յովհաննիսեան, Թադէ Թիմաշ, Նայիրի Մայիլեան, Շողեր Ստեփանեան, Նայիրի Ստեփանեան, Թալին Կարապետեան, Արմէն Սարգսեան, Վահէ Սարգսեան, Ռամոն Թարոյեան, Արին Մելքոմ Աբգար եւ Կարօ Ղուկասեան: Զոհւածների թաղման կրօնական արարողութիւնից յետոյ, ցաւակից համայնքի ընդունելութիւնը տեղի ունեցաւ մարզաւանում: Իսկ զոհւած անդամների յիշատակին կազմակերպւեց յուշերեկոյ՝ Ս. Խաչ մատուռի շրջափակում:
* 2009 թ.-ի հոկտեմբերին ԱՄՆ-ում իր մահկանացուն կնքեց Կազմակերպութեան գերբը կերտող եւ 1948-49 նստաշրջանի վարչութեան անդամ՝ Հրայր Կարապետեանը (Ճուտիկ):

141215d01a

* Այս շրջանում էլ Կազմակերպութիւնը ունեցել է բազմաթիւ երեւելի այցելուներ եւ հիւրեր, որոնցից առաջնահերթաբար պէտք է նշել պետական հրաւէրով Իրան ժամանած ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը մարզաւան, ուր կազմակերպւել էր ժողովրդական հանդիպում՝ «Սասունցի Դաւիթ» սրահում: Կազմակերպութեան հրաւէրով 2010 թ.-ին մարզաւան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի օգնական եւ Իրանի Մարմնակրթութեան կազմակերպութեան նախագահ՝ դոկտ. Սաիդլուն եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:
* 2009 թ.-ին մարզաւանում բացումը կատարւեց ձմեռային ընթրիքների բաժնի:
* 2009 թ.-ի սեպտեմբերին տեղի ունեցաւ ճարտարապետ՝ Ռոստոմ Ոսկանեանին նւիրւած մեծարանքի երեկոյ, որին յանձնւեց յուշանւէր:
141215d01b* «ՀՈՒՍԿ» հաստատութեան եւ Երէցների միութեան համագործակցութեամբ, 2009 թ.-ի նոյեմբերին, «Վ. Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ յիշատակի երեկոյ՝ նւիրւած յուշարձանագէտ՝ Արմէն Հախնազարեանին, որին մասնակցում էր նաեւ Հայաստանից հրաւիրւած յուշարձանագէտ՝ Սամուէլ Կարապետեանը:
* 2010 թ.-ի դեկտեմբերին, կազմակերպւեց յուշերեկոյ՝ ի պատիւ տաղանդաւոր դերասան, ասմունքող, լուսանկարիչ եւ երաժիշտ՝ Արա Ասլանեանի, նրա մահւան առաջին տարելիցի առիթով:
* Երէցների միութեան 45-ամեակի առիթով տպագրւեց յուշամատեան, որը պարունակում էր միութեան պատմականը՝ համապատասխան նկարներով: Նոյն առիթով պատրաստւեց տեսաֆիլմ:
* 2010 թ.-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան կազմակերպած ներկազմակերպական խորհրդաժողովը՝ «Միութիւնը եւ միութենականը՝ երէկ, այսօր եւ վաղը» խորագրով:
141215d01c* Ցուցահանդէսներից յիշենք Արմոնդ Այւազեանի մահւան առաջին տարելիցի առիթով կազմակերպւած նրա գործերի, Եղեռնի 95-ամեակի առիթով Երէցների միութեան, Հանրային կապի միջոցով լուսանկարչական եւ շուրջ երկու ամիս ձմեռային ընթրիքների բաժնում կազմակերպւած՝ համայնքում աշխատող արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսները:
* Այս շրջանում, բեմադրւեցին Արթուր Միլլերի «Իմ բոլոր զաւակները» բեմադրութեամբ՝ Վահագն Ազիզեանի եւ «Շունն ու Կատուն», «Չարի վերջը», «Կիկոսի մահը» եւ «Բարեկենդանը» վերջինն ընդհանուր վերնագրի ներքոյ, բեմադրութեամբ՝ Ռ. Մ. Պետրոսեանի, «Շանթ ու Շանթիկ» թատերախմբի միջոցով: Հետագայում Հայաստանում առաջինը մասնակցեց «Մէկ ազգ մէկ մշակոյթ», իսկ միւսները «Նռան հատիկ» փառատօներին:
* Տեղի ունեցաւ ձեռնարկ՝ նւիրւած Յովհաննէս Թումանեանի 140-ամեակին մասնակցութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան կրտսերների խմբի:
* 2009 թ.-ի նոյեմբերին ՝ «Կոմիտաս» սրահում Հայաստանից հրաւիրւած արւեստագէտների եւ «Արարատ» երգչախմբի միջոցով նշւեց Կոմիտասի 140-ամեակը:
141215d01d* Այս շրջանում Հայաստանից հրաւիրւած բազմաթիւ խմբեր են ելոյթ ունեցել «Արարատ»-ում՝ «EMPIRAY» խումբը, Սուսաննա Պետրոսեանի, Նարէ Գրիգորեանի, Լուսինէ Աղաբէգեանի ու դերասան Սեպուհ Ապիկեանի խումբը, Միստր Իքսը, Էմմին, Յասմիկ Կարապետեանը եւ Գարիկն, Արամ MP3-ին ու Անժելլան: «Հայաստանի աստղիկներ» մանկա-պատանեկան համոյթը՝ «Սասունցի Դաւիթ» սրահում, Ռուբէն Հախվերդեանը՝ Այգեստանում, Թաթան՝ ֆուտբոլի դաշտում, իսկ թաւջութակի եւ դաշնամուրի դուէտ կատարումները՝ Արամ Թալալեանի եւ Ջուլիետա Վարդանեանի միջոցով եւ Մարտին Ահարոնեանի խումբը իր երաժշտական տարատեսակ ոճերով՝ «Կոմիտաս» սրահում եւ վերջապէս «Համլետ» մոնոթատրոնը Արամ Յովհաննիսեանի միջոցով՝ «Շահբազեան» սրահում:
* 2010 թ.-ի մարտին Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան Լիբանանի մասնաճիւղի հրաւէրով Հ.Մ.Ա.Կ.-ի պարի դպրոցի 20 սաներ մեկնեցին Բէյրութ եւ երկու գիշեր ելոյթ ունեցան «Յովհաննէս Պօղոսեան» սրահում:
* Մանկա-պատանեկան ֆուտբոլի դպրոց հիմնելու նպատակով՝ Հայաստանի «Ֆուրման Աբրահամեան» ֆուտբոլի դպրոցից հրաւիրւեց մարզիչ եւ դպրոցի տնօրինումը յանձնւեց Մարզական միութեանը:
* 2009 թ.-ին աղջիկների բասկետբոլի խումբը Երկրի բարձրագոյն լիգայի մրցութիւններում առանց որեւէ պարտութեան տիրացաւ ախոյեանական գաւաթին, որը նրան հնարաւորութիւն տւեց մասնակցելու Սիրիայում կայանալիք Ասիայի միջակումբային մրցութիւններին: Կենտր. վարչութիւնը, ապա նաեւ Թեմական խորհուրդը առանձնաբար կազմակերպեցին գնահատանքի երեկոներ եւ պարգեւատրեցին ախոյեաններին: 2010 թ.-ին նոյնպէս խումբը պահպանեց իր դիրքը՝ մնալով երկրի բացարձակ ախոյան: Խմբից եօթ հոգի՝ Էդնա Իսայեանը, Նարէ Արտաշէսեանը, Այրին Արթունեանը, Գայիանէ Ազիզեանը, Վանայ Մուսախանեանը, Անգինէ Քեշիշեանը, Փօլին Իւսէֆին, ընդգրկւեցին երկրի ազգային հաւաքականի մէջ:

141215d01e

* Աղջկանց բասկետբոլի պատանեկան խումբը Թեհրանի ակումբային մրցութիւններում գրաւեց երկրորդ տեղը:
* 2010 թ.-ին, Աբէլ Մինասեանը Թեհրանի պինգ-պոնգի երիտասարդական ազատ մրցութիւններում երրորդ հանդիսացաւ. տեկւանդոյի ազատ մրցութիւններում Համլետ Սահակեանն ու Օրբէլ Սահակեանը շահեցին ոսկէ, իսկ Արգէն Միրզախանեանը արծաթէ մեդալներ:
* 2010 թ.-ին, Օդետ Աղաջանեանը ընտրւեց Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի առաջին քարտուղար, իսկ Հերոս Մինասեանը, որպէս միջազգային Ա կարգի իրաւարար, մասնակցեց Թուրքիայում կայացած բասկետբոլի միջազգային մրցութիւններին:
* 2009 թ.-ի օգոստոսին Հ.Մ.Ը.Մ.-ի նախաձեռնութեամբ Հայաստանում կայացած մրցութիւններին մասնակցեցին նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի մարզիկները՝ բասկետբոլ, լող եւ պինգ-պոնգ մարզաձեւերում:

141215d01f

* 2009 թ.-ին Սկաուտական միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Նաւասարդեան տօնակատարութիւն, որին մասնակցեցինՀ. Մ. «Սիփան», Հ. Մ. «Նայիրի», Հ. Բ. Ը. միութեան սկաուտական բաժանմունքները, շուրջ 500 սկաուտներ:
* Սկաուտները մասնակցեցին Հ.Մ.Ը.Մ.-ի ընդհանուր բանակումին՝ Բիւրականում: Տասնամեայ դադարից յետոյ յաջողութեամբ տեղի ունեցաւ Սկաուտական միութեան ընդհանուր բանակումը՝ Ռոբաթ Քարիմում:
* Յիշատակման է արժանի Սկաուտական միութեան կազմակերպած սեմինարը՝ 2010 թ.-ի հոկտեմբերին, «Սկաուտիզմը 21-րդ դարում, շրջանաւարտ սկաուտները եւ համայնքային ներգրաւումը» խորագրով, որին հրաւիրւել էին Հ. Մ. «Սիփան», Հ. Մ. «Նայիրի», Հ.Բ.Ը.Մ., «Րաֆֆի» եւ Նոր Ջուղայի «Արարատ» միութիւնների ու Թաւրիզի մասնաճիւղի Սկաուտական բաժանմունքները, որոնցից «Րաֆֆի»-ն եւ Թաւրիզի մասնաճիւղը բացակայեցին:
* Թաւրիզի մասնաճիւղից 3 եւ Շիրազի մասնաճիւղից 1 հոգի մասնակցեցին ԼՂՀ-ում կայացած պինգ-պոնգի մրցութիւններին:
* 2009 թ.-ին Թաւրիզի մասնաճիւղը տօնեց իր հիմնադրման 55-ամեակը: